«Հայկական մտքաչափ» սոցիոլոգիական հարցման արդյունքների շնորհանդես

Հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության «Հայկական մտքաչափ» (2025 թ․ աշուն) սոցիոլոգիական հետազոտության շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են սոցիոլոգներ, այլ գիտակարգերի մասնագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, Հայկական համալսարանի ունկնդիրներ և շրջանավարտներ։

Սոցիոլոգիական հարցումն իրականացվել է սեպտեմբերի 17-հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում համապետական մասշտաբով։ Որպես հարցման միջոց է ծառայել համակարգչի մեջ արձանագրվող հեռախոսային հարցազրույցը (CATI)։ Ընտրանքը կազմել է ՀՀ 1160 չափահաս քաղաքացի՝ ըստ բնակչության սեռատարիքային և աշխարհագրական բաշխվածության։ Հարցերը վերաբերվել են քաղաքացիների հասարակական և քաղաքական ընկալումներին։

Միջոցառման սկզբում «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը մանրամասն ներկայացրել է հարցման նպատակը, հետապնդած խնդիրները և մեթոդաբանությունը, ինչպես նաև հետազոտական սահմանափակումները։

Անդրադառնալով հարցման հիմնական արդյունքներին՝ Է․ Էլբակյանը նշել է, որ ՀՀ բնակչության հարաբերական մեծամասնությունը՝ 23.6% համարում է, որ Հայաստանի խնդիրներից ամենաշատն իրենց կյանքի վրա ազդում է անվտանգության և խաղաղության հիմնախնդիրը։ Երկրորդ տեղում 18%-ով ֆինանսատնտեսական խնդիրն է։ Դարձյալ բնակչության հարաբերական մեծամասնությունը՝ 42.8%, Հայաստանի ներկայիս վիճակը գնահատում է ընդհանուր առմամբ վատ։ Բնակչության գրեթե կեսը՝ 47.9%, համարում է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում։

 

 

Հետաքրքրական է, որ չնայած ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից թմբկահարվող «խաղաղության» օրակարգին՝ բնակչության մեծ մասը՝ 54.9%, բացասական կարծիք ունի Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարության մասին, իսկ բնակչության ջախջախիչ մեծամասնությունը՝ 74.7%, հավանական չի համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեսանելի ապագայում երկարատև, կայուն խաղաղության հաստատումը։ Ավելին՝ բնակչության 80.6% դեմ է արտահայտվել խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար Ադրբեջանին արվելիք զիջումներին։ Վիճակագրական նման ցուցանիշը վկայում է հասարակության շրջանում անվիճելի համաձայնության՝ կոնսենսուսի մասին։

Ակտիվ դիրքորոշում ունեցող բնակչության 60.7% բացասական է գնահատել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ղեկավար մնալու հեռանկարը։ ՀՀ հիմնական դաշնակցի դերում առաջատարը 26.5%-ով մնում է Ռուսաստանը։ Հարցվածների մեծ մասը՝ 53.3%, դժվարացել է հիշել վերջին տարիներին Հայաստանի հետ տեղի ունեցած դրական իրադարձություն։

 

«Հայկական նախագիծ» կազմակերպության իրականացրած «Հայկական մտքաչափ» սոցիոլոգիական հետազոտությունը եղել է ինքնապատվիրված, չի ունեցել արտաքին պատվիրատու և հնարավոր է դարձել «Հայկական նախագծի» բարեկամների և նվիրատուների ջանքերով։

«Հայկական մտքաչափի» (2025 թ․ աշուն) ներկայահանդեսը կարող եք ներբեռնել կից հղումով։