«Հայկական մտքաչափ» (գարուն 2026 թ․) սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում

Մայիսի 27-ին տեղի է ունեցել «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության «Հայկական մտքաչափ» (գարուն 2026 թ․) սոցիոլոգիական հետազոտության շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են սոցիոլոգներ, այլ գիտակարգերի մասնագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, Հայկական համալսարանի ունկնդիրներ և շրջանավարտներ։

Սոցիոլոգիական հարցումն իրականացվել է ապրիլի 24-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում համապետական մասշտաբով։ Որպես հարցման միջոց է ծառայել համակարգչի մեջ արձանագրվող հեռախոսային հարցազրույցը (CATI)։ Ընտրանքը կազմել է ՀՀ 1805 չափահաս ընտրող՝ ըստ բնակչության սեռատարիքային և մարզային բաշխվածության։ Ընտրանքը որոշվել է պատահական բջջային հեռախոսահամարների եղանակով (RDD)։ Առավելագույն ընտրանքի սխալի սահմանը (հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը) կազմել է ±3.08 տոկոսային կետ (վստահության մակարդակը՝ 99%)։ Հարցերը վերաբերվել են քաղաքացիների հասարակական և քաղաքական ընկալումներին։ Սա եղել է «Հայկական նախագծի» կողմից իրականացվող թվով երրորդ սոցիոլոգիական հետազոտությունը․ նախորդ երկուսն անցկացվել են 2025 թ․ աշնանը և 2026 թ. ձմռանը։

Միջոցառման սկզբում «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը մանրամասն ներկայացրել է հարցման նպատակը, հետապնդած խնդիրները և մեթոդաբանությունը։

Անդրադառնալով հարցման հիմնական արդյունքներին՝ Է․ Էլբակյանը նշել է, որ չնայած ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից քարոզվող «խաղաղության» օրակարգին՝ բնակչության մեծ մասը՝ 58.8%, հավանական չի համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեսանելի ապագայում երկարատև, կայուն խաղաղության հաստատումը (նախորդ նույն ցուցանիշը՝ 60.1%)։

 

Ավելին՝ Հայաստանի խնդիրներից հարցվողների կյանքի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող խնդիրների շարքում առաջին տեղում են անվտանգության և բանակի հարցերը։ Այդ խնդիրը նշել է կողմնորոշված հարցվողների հարաբերական մեծամասնությունը՝ 17.5%։

«Հայկական նախագիծ» կազմակերպության իրականացրած «Հայկական մտքաչափ» սոցիոլոգիական հետազոտությունը եղել է ինքնապատվիրված, չի ունեցել արտաքին պատվիրատու և հնարավոր է դարձել «Հայկական նախագծի» բարեկամների և նվիրատուների ջանքերով։

«Հայկական մտքաչափի» (գարուն 2026 թ․) ներկայահանդեսը կարող եք ներբեռնել կից հղումով: