Մարտի 6-ին տեղի է ունեցել «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության «Հայկական մտքաչափ» (ձմեռ 2026 թ․) սոցիոլոգիական հետազոտության շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են սոցիոլոգներ, այլ գիտակարգերի մասնագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, Հայկական համալսարանի ունկնդիրներ և շրջանավարտներ։
Սոցիոլոգիական հարցումն իրականացվել է փետրվարի 5-17-ն ընկած ժամանակահատվածում համապետական մասշտաբով։ Որպես հարցման միջոց է ծառայել համակարգչի մեջ արձանագրվող հեռախոսային հարցազրույցը (CATI)։ Ընտրանքը կազմել է ՀՀ 1161 չափահաս ընտրող՝ ըստ բնակչության սեռատարիքային և մարզային բաշխվածության։ Հարցերը վերաբերվել են քաղաքացիների հասարակական և քաղաքական ընկալումներին։ Սա եղել է «Հայկական նախագծի» կողմից իրականացվող թվով երկրորդ սոցիոլոգիական հետազոտությունը․ նախորդն անցկացվել էր 2025 թ․ աշնանը։
Միջոցառման սկզբում «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը մանրամասն ներկայացրել է հարցման նպատակը, հետապնդած խնդիրները և մեթոդաբանությունը, ինչպես նաև հետազոտական սահմանափակումները։
Անդրադառնալով հարցման հիմնական արդյունքներին՝ Է․ Էլբակյանը նշել է, որ ՀՀ ընտրողների հարաբերական մեծամասնությունը՝ 45.5%, Հայաստանի ներկայիս վիճակը գնահատում է ընդհանուր առմամբ վատ (նախորդ նույն ցուցանիշը՝ 42.8%)։ Բնակչության գրեթե կեսը՝ 48.6%, համարում է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում (նախորդ նույն ցուցանիշը՝ 47.9%)։
Հետաքրքրական է, որ չնայած ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից թմբկահարվող «խաղաղության» օրակարգին՝ բնակչության մեծ մասը՝ 60.1%, հավանական չի համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեսանելի ապագայում երկարատև, կայուն խաղաղության հաստատումը (նախորդ նույն ցուցանիշը՝ 67.5%)։ Ավելին՝ բնակչության 82% Հայաստանի հիմնական թշնամիներ են համարում Ադրբեջանին և Թուրքիային։ Վիճակագրական նման ցուցանիշը վկայում է հասարակության շրջանում անվիճելի համաձայնության՝ կոնսենսուսի մասին։
Բնակչության մեծամասնությունը՝ 74.3%, համարում է, որ Հայաստանը պետք է ձգտի ազատագրել հայկական այն հողերը, որոնք այս պահին Հայաստանի վերահսկողության տակ չեն։ ՀՀ հիմնական դաշնակցի դերում առաջատարը 26%-ով մնում է Ռուսաստանը (նախորդ նույն ցուցանիշը՝ 26.5%)։ Հարցվածների մեծ մասը՝ 55.6%, դժվարացել է (հրաժարվել է) հիշել վերջին տարիներին Հայաստանի հետ տեղի ունեցած դրական իրադարձություն կամ նշել է, որ այդպիսին չի եղել (նախորդ նույն ցուցանիշը՝ 53.3%)։
«Հայկական նախագիծ» կազմակերպության իրականացրած «Հայկական մտքաչափ» սոցիոլոգիական հետազոտությունը եղել է ինքնապատվիրված, չի ունեցել արտաքին պատվիրատու և հնարավոր է դարձել «Հայկական նախագծի» բարեկամների և նվիրատուների ջանքերով։
«Հայկական մտքաչափի» (ձմեռ 2026 թ․) ներկայահանդեսը կարող եք ներբեռնել կից հղումով։
